Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Chronicles 15

:
Armenian - NEA
1 Տիրոջ հոգին իջավ Ադադի որդի Ազարիայի վրա։
2 Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
3 Երկար ժամանակ Իսրայելը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցաներ, և առանց օրենքի,
4 բայց երբ դարձավ դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տերը հայտնվեց նրանց։
5 Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գավառների բոլոր բնակիչների վրա։
6 Ազգը ազգի դեմ էր պատերազմում, և քաղաքը՝ քաղաքի, քանի որ Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։
7 Արդ, դուք զորացե՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։
8 Երբ Ասան լսեց այս խոսքերը և Ազարիա մարգարեի մարգարեությունը, զորացավ և Հուդայի ու Բենիամինի երկրներից և այն քաղաքներից, որ գրավել էր Եփրեմի լեռան վրա, դուրս նետեց բոլոր կուռքերը։ Նա կատարեց նաև Տիրոջ տաճարի առջևում գտնվող Տիրոջ զոհասեղանի նավակատիքը։
9 Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։
10 Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին նրանք հավաքվեցին Երուսաղեմում։
11 Այդ օրը նա բերված ավարից Տիրոջ համար յոթ հարյուր զվարակ ու յոթ հազար ոչխար զոհաբերեց։
12 Նա ուխտ դրեց, որ Տիրոջը՝ իրենց Աստծուն, պետք է պաշտեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։
13 Իսկ ով չէր պաշտի Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պետք է մեռներ՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին։
14 Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդվեցին Տիրոջը։
15 Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։
16 Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։
17 Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։
18 Նա տաճար տարավ իր նախահայր Դավթի սրբությունները և Տիրոջ՝ Աստծու սրբությունները՝ արծաթ, ոսկի ու սպասք։
19 Պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։